Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ հրթիռի արձակումը հաստատել է ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:

Հրթիռը Կորեական թերակղզուց արձակվել է Ճապոնիայի ուղղությամբ: Ամերիկյան զինվորականների տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովի չեզոք ջրերում:

Հարավային Կորեայի ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ հրթիռի թռիչքը տեւել է 9 րոպե, այդ ընթացքում այն 60 կմ տարածություն է անցել:

Հյուսիսկորեական հրթիռի փորձարկումն իրականացվել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի՝ ԱՄՆ այցի նախօրեին: Երկու երկրների ղեկավարների բանակցությունների առանցքային թեմաներից է լինելու նաեւ Փհենյանի միջուկային հավակնությունների հարցը: