Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը Բարաք Օբամայի գաղափարն է, ով դրա համար բառացիորեն կաշառք էր ստացել Սաուդյան Արաբիայից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ խոսելով ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցչի վերջին հայտարարության մասին։ 

Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունն արդեն վաղուց է ձախողվել։ «Այն ձախողվեց, երբ ակնհայտ դարձավ, որ սկսվել է Լիբիայի կոլափսը, սկսվել է քաղաքացիական պատերազմ Իրաքում։ Եգիպտոսում ԱՄՆ դրածոն տապալվեց, եւ երկրում ռազմական բռնապետություն է հաստատվել։ Եւ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կոլափսի շարունակությունն է։ Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա այնտեղ ոչ մի կարգավորում չկա։ Հենց նման կերպ ամերիկյան աջակցությունը Եմենի խմբավորումներից մեկին ձախողվեց, այնտեղ եւս քաղաքացիական պատերազմ է ընթանում», -արձանագրել է Ալեքսանդրովը։

Ըստ քաղաքագետի՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ամբողջ քաղաքականությունը ամբողջությամբ տապալված է։ «Իսկ այն, որ նրանք հայտարարեցին, թե Ասադի տապալումը առաջնային չէ, ուղղակի իրականությունը խոստովանելն է, որովհետեւ ակնհայտ է՝ գրոհայինները չեն կարող տապալել Ասադին։ Իսկ այլ կերպ նրան տապալել հնարավոր չէ, քանի որ այդ դեպքում պետք է պատերազմ ծավալել Ռուսաստանի զինված ուժերի դեմ։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն ուղղակի պատրաստ չէ դրան՝ անկախ այն բանից, թե ով է իշխանության գլուխ՝ Օբաման, Թրամփը, թե մեկ ուրիշը», - ասել է Միխայիլ Ալեքսանդրովը։

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալն ԱՄՆ-ի համար այլեւս առաջնային չէ։