«Ելք» դաշինքի կողմից առաջարկվող՝ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու պայմանագիր ստորագրելը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում վտանգավոր է։ Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի խորհրդարան անցած քաղաքական ուժերից հասարակությունը եվրոպամետ է ընկալում միայն «Ելք» դաշինքին։
«Բայց նրանք առաջարկում են Եվրոպական միության հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքել, ինչը հակասում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Դա նշանակում է, որ նրանք հաշվարկում են ժամանակը՝ սպասում են, երբ ԵՏՄ-ն կփլուզվի, եւ մենք համապատասխան համաձայնագիրը կնքելու հնարավորություն կունենանք։ Դա վտանգավոր է եւ կարող է այլ արդյունքի հանգեցնել։ Այսինքն՝ «Ելք»-ն իրականում ելք է առաջարկում ստեղծված դրությունից», - ընդգծել է Եղիազարյանը։



























