ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի առաջարկը՝ Չինաստան պետական այցելություն կատարելու մասին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է BBC-ն։

Չնայած Չինաստանի մասին Թրամփի նախկին կտրուկ արտահայտությունների շարքին, երկու երկրների առաջնորդների հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ու նրանք պայմանավորվել են երկկողմանի հարաբերությունները փոխադրել «նոր ձեւաչափ»։

Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ նախագահի այցելության ճշգրիտ ժամկետը կորոշվի ավելի ուշ։

ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը լրագրողներին ասել է, որ Սին ու Թրամփը պայմանավորվել են 100 օրվա ընթացքում մշակել առաջարկներ՝ Չինաստան ամերիկյան արտահանումն ավելացնելու ու երկկողմանի առեւտրում ԱՄՆ-ի դեֆիցիտը կրճատելու մասին։

«Հաշվի առնելով քննարկման թեմաների քանակն ու կարեւորությունը՝ դա կարող է հավակնոտ ծրագիր թվալ, բայց սա մեծ ու կարեւոր փոփոխություն է քննարկման բուն ընթացքում»,- հավելել է Ռոսը։

ԱՄՆ նախագահն էլ իր կողմից է հաստատել, որ երկկողմանի հարաբերություններում «անհավանական առաջընթաց» է տեղի ունեցել։