Կշարունակեմ այցելել Արցախի Հանրապետություն այնքան, որքան կկամենամ` առանց անհրաժեշտություն համարելու հաղորդելու կամ հաշվետու լինելու Ձեզ: Այս մասին նշված է բուլղարացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գեորգի Կոլարովի՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովային ուղղված բաց նամակում, որը տպագրվել է «Свободен Народ» թերթում:
հրապարակված բաց նամակը՝ ուղղված Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովային
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ուզում եմ նամակս սկսել այն անակնկալ փաստով, որ բուլղարական լրատվամիջոցներին ուղարկված Ձեր բաց նամակի մեջ իմ անունը չի նշվել` Արցախի Հանրապետության (նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հաջողությամբ ավարտված հանրաքվեի առթիվ: Ենթադրում եմ, որ միակ պատճառը Ձեր ձգտումն էր նսեմացնել այնտեղ գտնվող Բուլղարիայի ներկայացուցչությանը:
Ես «Բուլղարիայի փրկության Ազգային ճակատ» քաղաքական կուսակցության անդամ չեմ: Եվ չնայած մեր` «ՍԿԱՏ» հեռուստատեսության տարբեր հեռուստատեսային ծրագրերին հաճախակիորեն մասնակցելուն՝ Ստեփանակերտում բավականին քիչ ժամանակով ինձ հաջողվեց հանդիպել պարոնայք Վալերի Սիմեոնովի, Վալենտին Կասաբովի, Քրիստիան Միտեւի եւ Պետր Պետրովի հետ, քանի որ աշխատում էինք տարբեր տարածքներում եւ ծրագրերում:
Մասնավորապես, 20.02.2017թ.-ի հանրաքվեին իմ մասնակցությունը արտահայտվում է Հադրութի եւ Մարտունու շրջանների ընտրատեղամասերի այցելությամբ: Իսկ հաջորդ օրը` 21.02.2017թ.-ին, այցելեցի Շուշիի շրջան, որտեղ ես պատիվ եւ հաճույք ունեցա երկար ժամանակ շփվելու հայ մեծ երկրաբան Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի հետ: Նրա հայտնագործությունները տասնամյակներ շարունակ մեծ դեր են խաղում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայունությունը պահպանելու, գունավոր մետաղների եւ այլ օգտակար հանածոների արտահանմանը, որոնք ժամանակին յուրացվում էին Բաքվի իշխանությունների կողմից:
Ամենուր, ուր որ հրավիրված էի քվեարկության ընթացքը դիտարկելու համար, ես նկատեցի արցախյան հայերի համազգային ոգեւորությունն ու ավանդական հյուրընկալությունը, որն ինձ շատ անգամներ ուրախացրեց եւ կուրախացնի նաեւ ապագայում: Այդ մարդիկ ապրում են իրենց կյանքով եւ բնավ անհանգստացած չեն իրենց հանրապետության միջազգային ճանաչման բացակայությամբ:
Ինչպես մատնանշեցին մի շարք քաղաքական գործիչներ ու դիվանագետներ՝ նույնիսկ Երեւանը չի ճանաչում Ստեփանակերտի պետական կարգավիճակը: Պատճառը, սակայն, լայնածավալ ռազմական հակամարտության վերսկսելուց վախը չի, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները (այն իրոք կարող է սկսել ցանկացած պահի):
Տվյալ դեպքում խոսքը գնում է հետեւյալի մասին. հայ հասարակության մեջ (Քարվաճառի` երբեմնի Լաչինի արհեստական սահմանի երկու կողմերում գտնվող երկրների) այս փուլում չկա կոնսենսուս Արցախի Հանրապետության ապագայի վերաբերյալ. արդյոք հնարավոր է երկրորդ հայկական պետության գոյությունը կամ միանալ Հայաստանի Հանրապետությանը: Եթե հասարակական կարծիքը կողմնորոշվում է դեպի երկրորդ տարբերակը, ապա ճանաչումը կստեղծի մի բարդ իրավական վիճակ: Հետեւաբար, այն դառնում է ներքին հայկական հարց, որի հետ մենք այլեւս գործ չունենք:
Այսպես թե այնպես, Արցախի Հանրապետությունը հանդիսանում է ամբողջական, գործող պետություն, որը չի կարելի նույնացնել Հայաստանի Հանրապետության հետ` գոնե այս փուլում: Ապացույցը հենց այս հանրաքվեի հաջողությունն է, որն ամրապնդում է Ստեփանակերտում նախագահական իշխանությունը՝ Երեւանում խորհրդարանական համակարգի անցման ֆոնին: Թե ինչպես կարող են զարգանալ երկու հայկական պետությունների հարաբերությունները՝ մենք ձեզ հետ միասին կարող ենք միայն ենթադրություններ անել:
Մի բան հստակ է. Արցախի եւ Ադրբեջանի բնակիչները լավ հարեւաններ դառնալուց բացի այլընտրանք չունեն: Հակառակ դեպքում, ինչպես ասում է ԱՊՀ պետությունների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, «ադրբեջանցիները պետք է ոչնչացնեն 150 հազար արցախցիներ», որպեսզի վերադառնան այնտեղ:
Ուզում եմ նաեւ նշել, որ հանրաքվեին ներկա էինք 104 միջազգային դիտորդներ (այդ թվում հինգը` Բուլղարիայի Հանրապետությունից), 103 ներքին դիտորդներ եւ 80 լրագրողներ: Ինչպես հաղորդում են Երեւանի եւ Ստեփանակերտի լրատվամիջոցները, Բաքվում արդեն հրապարակվել են ձերբակալման միջազգային հրահանգներ նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել «նման պատվի արժանանան»: Այդ առումով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ կշարունակեմ այցելել Արցախի Հանրապետություն այնքան, որքան կկամենամ` առանց անհրաժեշտություն համարելու հաղորդելու կամ հաշվետու լինելու Ձեզ:
2016թ. նոյեմբերի վերջին հնարավորություն ունեցա (որի համար սրտանց շնորհակալ եմ իմ գործընկեր Զաուր Ռասուլզադեին) haqքin.az–ի էջերում Ադրբեջանի հանրային կարծիքին ներկայացնելու այդ գաղափարների մի որոշ մասը եւ ցավոք Ձեզ հիմա պետք է նույնը կրկնեմ, ինչը ժամանակի կորուստ է: Բայց, գուցե եւ տեղյակ լինեք բուլղարական հայտնի ասացվածքին. «Կրկնությունը՝ գիտության մայրն է»:




























