Լեհաստանի կառավարության եւ Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը եւ Լեհահայոց մշակույթի եւ ժառանգության հիմնադրամը օրերս Լեհաստանի Ժեշով քաղաքում կազմակերպել էին գիտական կոնֆերանս` նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնֆերանսին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոդկարպացկե վոեւոդության փոխնահանգապետ Պիոտր Պիլխը, մի շարք անվանի գիտնականներ, հրապարակախոսներ, մշակութային գործիչներ, Պոդկարպացկեում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ու Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլք:
Բացման իր խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունների հիմքում հայ եւ լեհ ժողովուրդների միջեւ բազմաթիվ հիշարժան իրադարձություններով հարուստ բարեկամությունն է, որոնցից մեկն էլ 650 տարի առաջ Լեհաստանի թագավորի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականին շնորհված արտոնությունն է:
Գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանին եւ Լեհաստանի հայ համայնքին նվիրված մի շարք զեկույցներ: Մասնավորապես, Կիելցեի պետական թանգարանի գիտաշխատող Պավել Գժեսկին իր զեկույցում ծավալուն անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, Քրիստոնեական հարուստ ժառանգությանը:
Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաեւ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ուսումնասիրությունը, որը վերաբերում էր լեհ թագավոր Կազիմիր Մեծի կողմից 650 տարի առաջ հայերին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված մի շարք արտոնություններին:
Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի բազմադարյա պատմությունը, Լեհաստանի պատմության մեջ հայ ականավոր գործիչների ունեցած դրական դերակատարումը:
Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ Ժեշովում բնակվող Սուրեն Վարդանյանի նկարների եւ Կրակովում բնակվող Անի Մուրադյանի խեցեգործական աշխատանքների ցուցադրությունները:
Կոնֆերանսի ավարտին մասնակիցներն այցելեցին Ժեշովի Սուրբ Վոյչեխ եւ Ստանիսլավ եկեղեցի, որտեղ ծաղիկներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջեւ:




























