Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 11-ին, ցուցմունք տվեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի անդամ, Հանրապետության գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:
Հասմիկ Ղազինյանը նշեց, որ փորձագետները քննարկել են հիվանդի ախտորոշումն ու բժիշկների մոտեցումը՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի:
«Կարելի՞ էր արդյոք ախտորոշել ՀԵԼԼՓ սինդրոմը: Այո, հնարավոր էր ախտորոշել, բայց հնարավոր է, որ չախտորոշվեր էլ, բայց պետք էր չիշտ գնահատական տալ հիվանդի վիճակին: Մերի Մարգարյանի վիճակը եղել է ծանր, 20 ժամվա ընթացքում նրա մոտ ախտորոշվել է 5 օրգանի անբավարարություն: Ընդունվելու պահին արդեն՝ հուլիսի 26-ին, Մերի Մարգարյանն ունեցել է սիրտ-անոթային, շնչական, ավելի ուշ արդեն երիկամների անբավարարություն, իսկ հուլիսի 27-ին վաղ առավոտյան արդեն լյարդի եւ ուղեղային անբավարարություն: Որպես փորձագետ՝ ես կասեմ, որ հուլիսի 26-ին ցուցում կտար հիվանդին կեսարյան հատում անելու, իսկ հաջորդ օրն արդեն՝ հստակ ցուցում կար դա կատարելու»,- ասաց բժշկուհին:
Փորձագետը պնդեց, որ հուլիսի 27-ին առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում արդեն պետք է խոսվեր ՀԵԼԼՓ համախտանիշի մասին, քանի որ արդեն կար լյարդի անբավարարություն, մինչդեռ հիվանդի հետ առնչված բժիշկները յուրաքանչյուր ախտանիշ դիտարկել են առանձին. «Մերի Մարգարյանի ծանրության աստիճանին ոչ ադեկվատ գնահատական է տրվել, ամեն մի ախտանիշ առանձին է ուսումնասիրվել, սակայն պետք է ուսումնասիրեին միասին: Եթե 35-36 շաբաթական հղիի մոտ զարգանում է բազմաօրգանային անբավարարություն, պետք էր մտածել ծննդալուծում անելու եւ մոր եւ երեխայի կյանքը փրկելու համար»:
Հասմիկ Ղազինյանի համար զարմանալի էր նաեւ, թե ինչ հիմքով են հղիի մոտ արյունազեղում կասկածել: Նա դատարանում հայտարարեց, որ փորձաքննությանը մասնակցած 20 մասնագետներից եւ ոչ մեկը արյունազեղման մասին չի մտածել, քանի որ ուղեղային ախտահարումը 5-րդ նմանատիպ օրգանն է եղել, հետեւաբար, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները պետք է հասկանային, թե որն է եղել 5 օրգանի ախտահարման պատճառն ընդհանուր առմամբ:
«Մերի Մարգարյանի վիճակը ճիշտ է նկարագրվել, բայց գնահատականն է թերի եղել, ոչ ադեկվատ: Նորից եմ ասում, որ հուլիսի 26-ին արդեն կարելի էր ախտորոշել ՀԵԼԼՓ սինդրոմ եւ կատարել ծննդալուծում, իսկ հուլիսի 27-ին առավոտյան դա արդեն հստակ պետք է կատարվեր: Մինչեւ բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխելն իսկ պետք էր մտածել կեսարյան հատման մասին»,- պնդեց լյարդաբանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Ծննդկանի եւ նորածին դստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























