Արագածոտնի մարզում, ապրիլի 10-ին սպանություն է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է հրազենային 10-ից ավելի կրակոցների հետեւանքով: Իրավապահները պարզել են, որ մահացածը Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն էր։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել եւ ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Աշտարակի բնակիչ 46-ամյա Արա Նազարյանին։ Նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 35 FR 090 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տեսակի 2 ինքնաձիգ։
Նշվում է, որ սպանությունը կատարելուց հետո Ա. Նազարյանը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, «ՎԱԶ 2107»-ով, որը պատկանում է սպանվածին, սպանության վայրից դիմել է փախուստի եւ հասնելով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոց՝ վթարի է ենթարկվել՝ բախվելով երկու մեքենաների:




























