Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից  լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թ.-ի հոկտեմբերի 12-ին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բանկի հաճախորդներ` եղբայրներ Էմիլ Խ.-ն եւ Էդիկ Խ.-ն, բանկի Վայոց ձորի մասնաճյուղի կառավարչին 15.09.2016թ.-ին ներկայացրել են իրենց վարկային հաշիվներից` 1.960.000  ՀՀ դրամ գումարի մարման վերաբերյալ 15 անդորրագիր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ դրանցում արտացոլված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, եւ այդպիսի մարումներ փաստացի չեն կատարվել:

Հետագայում նույն բանկի աշխատակիցներ Անուշ Գ.-ն եւ Աննա Վ.-ն բացատրությամբ հայտնել են, որ մինչ այդ` 2016թ.-ի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ մարումներ արտացոլող անդորրագրեր տրամադրելու խնդրանքով, իրենց է դիմել Էմիլ Խ.-ի եւ Էդիկ Խ.-ի եղբայրը` ոստիկանության աշխատակից,  «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հաճախորդ Էդգար Խ.-ն: Վերջինս, նշելով, որ մեկ այլ բանկից վարկ ստանալու նպատակով ցանկանում է մարել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում ունեցած վարկը, այդ կապակցությամբ Անուշ Գ.-ին եւ Աննա Վ.-ին խնդրել է իրեն տրամադրել կեղծ մարումներ արտացոլող 15 անդորրագիր:

ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: