ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում
Երեւանում 20-ամյա երիտասարդին հրազենային վնասվածք հասցնելու հանգամանքները պարզվել են:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 8-ին ժամը 16:55-ին հաղորդում է ստացվել, որ ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Պարզվել է͵ որ երիտասարդը վնասվածքն ստացել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բենզալցակայաններից մեկի մոտ:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը 28 տարեկան է, Երեւանի բնակիչ։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի շարժառիթը պարզելու, ինչպես նաեւ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։




























