ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երկօրյա այցով ժամանել է Մոսկվա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա օդանավը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում:
Այցի ընթացքում Թիլերսոնը ծրագրել է հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիային, Լիբիային, Հյուսիսային Կորեային, Ուկրաինային առնչվող հարցերը եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները:
ՌԴ ԱԳՆ-ն արդյունավետ բանակցությունների հույս ունի, բայց միեւնույն ժամանակ նշում է, որ «ռուս-ամերիկյան հարաբերությունները սառը պատերազմի ավարտից հետո ամենածանր ժամանակաշրջանն են ապրում»:
Թիլերսոնն այսօր, լինելով G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություն է արել, որով Ռուսաստանին առաջարկել է ընտրություն կատարել Արեւմուտքի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջեւ: «Մենք ցանկանում ենք Սիրիայի համար ապագա ստեղծել, կայուն եւ անվտանգ: Ռուսաստանը կարող է այդ ապագայի մասը դառնալ եւ կարեւոր դեր կատարել կամ Ռուսասատանը կարող է շարունակել այդ խմբի հետ համագործակցությունը, որը, մեր կարծիքով, ոչ մի կերպ չի ծառայի երկարաժամկետ շահերին»,- ասել էր Թիլերսոնը:




























