ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապրիլի 8-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը։ Կասկածյալները ձերբակալվել են։

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են. «Ավելի վաղ տեղեկացրել ենք͵ որ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել Ուկրաինայի Հանրապետության բնակչուհու կողմից Երեւան քաղաքում վարձակալած բնակարան եւ պահանջել գումար՝ սպառնալով դանակի, ատրճանակի եւ էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել նրա եւ այդ պահին տանը գտնվող կնոջ ծանոթի նկատմամբ։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարող սարքով վնասել է կնոջ աջ ձեռքը։ Հափշտակելով կանխիկ գումար͵ ինչպես նաեւ կնոջ կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք հեռացել են։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը͵ ովքեր ձերբակալվել են եւ հարցաքննվել։ Նրանց մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն͵ որի ժամանակ կասկածյալները նկարագրել են բնակարան մուտք գործելու եղանակը͵ հայտնել բնակարանից հափշտակված կանացի պայուսակի գտնվելու վայրը։