Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության Ախալքալաքի կոմիտեի նախագահ Մելիք Ռաիսյանի որդիներին՝ Աշոտ և Կառլոս Ռաիսյաններին, մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռաիսյանների ընտանիքից:
«Աշոտին եւ Կառլոսին ձերբակալել են հենց տան մոտ, մեկ օր մնացել են կալանքի տակ, իսկ հետո ազատ են արձակվել, սակայն նրանց մեղադրանք կա առաջադրված ոստիկանների նկատմամբ ագրեսիվ պահվածքի համար: Մենք համոզված ենք, որ սա քաղաքական հետապնդում է մեր ընտանիքի նկատմամբ»,- ասացին ընտանիքից:
Նշենք, որ ըստ Վրաստանի իրավապահների՝ Ռաիսյան եղբայրները ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ եւ վիրավորական արտահայտություններ արել նրանց հասցեին:




























