Զինված ուժերի առջեւ դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու եւ անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի եւ բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամասերում:

Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ գշխավոր շտաբի պետն ունկնդրել է բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի զեկույցը: Լուծում պահանջող մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումներ եւ առաջարկություններ:

Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում դիտարկվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման, շահագործման ու պահպանության հետ հետ կապված հարցերը, զինծառայողների զորանոցային եւ սոցիալ-կենցաղային պայմանները:

Շրջայցի ընթացքում բանակային կորպուսի եւ զորամասերի հրամանատարության հետ քննարկվել են մարտական պատրաստականության եւ պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման խնդիրների հետ կապված հարցեր: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ տրվել են հստակ հանձնարարականներ: