Հայաստանում ազատազրկման եւ իրավունքների ապահովման մեխանիզմների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հարցը համակարգային լուծելու խնդիր կա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ պետք է բացառել մարդկանց ոստիկանական բաժին հրավիրելու կամ նրանց ձերբակալելու մեխանիզմը, որոնց դեպքում նրանք զրկվում են տարրական իրավունքներից։ Մարդու անկախ կարգավիճակն ու իրավունքը պետք է պահպանվեն, հիշեցրել է Թաթոյանը։ Ըստ նրա՝ պրակտիկան ցույց է տալիս, որ անհատական մոտեցում չկա. դեպքեր են եղել, երբ որպես ձերբակալության հիմք համարվել է իրավապահ մարմինների հաղորդագրությունը։
«Մարդն իրավունք ունի լռություն պահպանել, ստանալ փաստաբանի ծառայություններ, իրացնել բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը։ Օմբուդսմենը հատկապես ընդգծել է փաստաբանական ծառայություններ ստանալու իրավունքը, ինչը կոչված է կանխել վատ վերաբերմունքն ու ապօրինի հետապնդումը, նախնական փուլում իրավական օգնություն ցուցաբերել։
Թաթոյանի խոսքով՝ պետք է ամբողջականացնել հոդվածների քրեադատավարական օրենսդրությունը, որը պատասխանատվություն է ենթադրում փաստաբանի՝ կալանավայր այցին խոչընդոտելու համար։ Խոսելով փաստաբաններին կալանավայր այցելելը կանխելու աղմկահարույց դեպքերի եւ նրանց խուզարկելու փորձերի մասին՝ օմբուդսմենը նշել է, որ օրենքը կտրականապես արգելում է խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Արդարադատության նախարարության համապատասխան պատասխանը օմբուդսմենը բավարար չի համարում, քանի որ նախարարությունը պետք է հետաքննություն իրականացներ ու պարզեր։ Ընդհանուր առմամբ, հակասություններ կան փաստաբանության մասին օրենքի եւ կալանավայրերի ներքին կանոնակարգի միջեւ, արձանագրել է օմբուդսմենը։
Ինչպես ընդգծել է օմբուդսմենը՝ կալանքը պետք է լինի խափանման բացառիկ միջոց։ Իսկ Հայաստանում գործում է անթույլատրելի բարձր շեմ՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունները բավարարելու հետ կապված։ ճիշտ է, միջնորդությունների կրճատման տենդենց կա, սակայն դատարանը հաճախ է կալանքի թույլտվություն տալիս։ Դժբախտաբար, դա վիճարկում է քրեա-պրոցեսուալ օրենսդրությունը, նշել է Թաթոյանը։ Նրա խոսքով՝ պետք է սկսել խափանման այլընտրանքային միջոցներից եւ հետո միայն՝ թույլ տալ կալանք։ Օմբուդսմենը հույս է հայտնել, որ քրեա-պրոցեսուալ նոր օրենսդրությունը կուղղի այդ մոտեցումը։ Հատկապես քննդատության են ենթարկվել առաջին ատյանի դատարանների որոշումները, որոնք կալանքի վերաբերյալ եւ կալանքի ժամկետները երկարաձգող մեծ թվով բավարարված միջնորդությունների հետ մեկտեղ, չեն ընդունում Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռները։
Օմբուդսմենի խոսքով՝ պրակտիկան, երբ վերցնում են վկայի անձնագիրը, առհասարակ հակասահմանադրական է։ Կամ դեպքերը, երբ անունը ներառվում է «երկրից չմեկնողների» տվյալների բազայում։ «Դեպքեր կան, երբ հետաքննությունը վաղուց ավարտվել է, իսկ մարդուն երկրից դուրս չեն թողնում։ Դա անթույլատրելի է»,-ընդգծել է օմբուդսմենը։ «Բացատրություններն» այն մասին, որ վկան կարող է թաքնվել հետաքննությունից, նույնիսկ քննադատության ենթակա չեն։ Եթե անձի հետ կապված կասկածներ են ծագում, ճիշտ կլիներ հստակեցնել նրա կարգավիճակը, նշել է օմբուդսմենը։




























