Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը պնդում է, որ նախօրեին ինքը փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ է գնացել՝ «պարզաբանում պահանջելու» համար: Սակայն թե ինչպես է Աթանեսյանի գործընկեր Արմեն Սողոմոնյանը նման ծանր մարմնական վնասվածք ստացել, Բաբայանն այդպես էլ չի կարողանում պարզաբանել:

Այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը Բաբայանը նշեց, որ ինքը Աթանեսյանի գրասենյակ էր գնացել, քանի որ վերջինս իր հասցեին ֆեյսբուքյան փակ խմբում սեռական բնույթի հայհոյանք էր գրել:

«Տիգրան Աթանեսյանի գրասենյակ եմ գնացել՝ նրան հանդիպելու եւ պարզաբանում պահանջելու, թե ինչու է իմ եւ ընտանիքիս հասցեին հայհոյանքներ հնչեցրել: Արսեն Հարությունյանի հետ հանդիպեցի Տիգրան Աթանեսյանին, գրասենյակում ներկա էին իր աշխատակից մի աղջիկ, որին չեմ ճանաչում, Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: Տիգրան Աթանեսյանից պարզաբանում պահանջեցի, նա էլ հաստատեց, հայհոյեց իմ անձը, այնուհետեւ հարվածեց ինձ, բնականաբար ես հակադարձեցի իրեն եւ ստեղծվեց այդ իրավիճակը:  Հարվածի արդյունքում վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո Արմեն Սողոմոնյանը հարվածեց Արսեն Հարությունյանին, որը դիմածնոտային կոտրվածք է ստացել: Բարեբախտաբար մեզ հետ էին Գեւորգ Մկրտչյանն ու Վրեժ Խաչիկյանը, որոնք գնում էին ճաշելու, հետո ցանկություն հայտնեցին, որ գան մեզ հետ, որ պրովոկացիոն իրավիճակ չստեղծվեր: Ամբողջը տեւեց մեկ րոպե ընդամենը, մենք դուրս եկանք գրասենյակից»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Դպրոցի տնօրենը պնդում է, որ առաջին հարվածողն ու հայհոյողը եղել է Տիգրան Աթանեսյանը: Թե ինչպես է Արմեն Սողոմոնյանը ճակատի խորը պատռվածք ստացել, Բաբայանն այդպես էլ չկարողացավ պարզաբանել. «Եղել է քաշքշուկ, իմ քաշքուկը եղել է Տիգրան Աթանեսյանի հետ, հարված չեմ հասցրել, դա տեղի է ունեցել քաշքշուկի տեսքով»:

Նշենք, որ վնասվածք ստացած Արմեն Սողոմոնյանը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն ինչ-որ բութ առարկայով հարվածել են:

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր չէր հարցը լուծել իրավական տիրույթում, Սիմոն Բաբայանը նշեց, որ ինքը ցանկություն է ունեցել Տիգրան Աթանեսյանին հանդիպել՝ որպես տղամարդը տղամարդուն. «Իմ նպատակը պարզաբանում ստանալն էր, ոչ թե քաշքշուկը»:

Հարցին, թե Արսեն Հարությունյանին հասցված հարվածին պատասխանո՞ղ չի եղել, Սիմոն Բաբայանը կրկին նշեց, որ Հարությունյանը խոսել չի կարող, տեղի է ունեցել քաշքշուկ: «Իմ նպատակն էր, որ հասարակությունը իրազեկվեր, թե ինչ է տեղի ունեցել: Մնացածը կներկայացնենք իրավապահներին»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, թե բռնություն է եղել իրենց նկատմամբ:

Հարցին՝ որն է Տիգրան Աթանեսյանի պահվածքի իրական պատճառը, որ հրապարակային սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում, Սիմոն Բաբայանը հորդորեց այդ անհանդուրժողականության պատճառը պարզել նրանից: Այնուհետեւ Սիմոն Բաբայանը պատմեց, որ փակ խմբում Աթանեսյանը վիճել է 1,5 տարվա փաստաբանի հետ, այդ փաստաբանը նրան հորդորել է նման ոճով իր հետ չխոսել, Աթանեսյանն էլ արձագանքել է, թե Փաստաբանական դպրոցն ավարտելը նշանակո՞ւմ է՝ դուք փաստաբան եք: Սիմոն Բաբայանն էլ ստատուս է գրել, թե փաստաբաններին հարիր չէ նման պահվածքը, Աթանեսյանն էլ սեռական բնույթի հայհոյանք է գրել, որից հետո ինքը գնացել է նրա գրասենյակ:

Սիմոն Բաբայանը պնդում է նաեւ, թե Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հանձնարարականով չեն գնացել, Զոհրաբյանը որեւէ առնչություն չունի, անգամ իրազեկված չի եղել, որ հանդիպելու է նրա հետ, մինչդեռ հարձակման ենթարկված փաստաբանները վստահ են, որ հենց ՓՊ նախագահն է կանգնած հարձակման ետեւում։

«Ցանկացած տղամարդ ինձ կհասկանա, ես գնացել եմ որպես տղամարդ պարզաբանում պահանջելու: Պալատի նախագահը որեւէ առնչություն չունի, իմ հասցեին են եղել հայհոյանքները»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Սիմոն Բաբայանը հայտնեց նաեւ, որ ինքը 50 հազար դոլար չի առաջարկել Աթանեսյանին: Թե ինչու են գնացել գրասենյակ, Սիմոն Բաբայանը նշեց, որ ուզում էր պարզապես հասկանալ, թե ինչու է իրեն հայհոյել ու իր ընտանիքին:

Բաբայանն անընդհատ նշում էր, թե Աթանեսյանն ու Սողոմոնյանը հարվածներ չեն ստացել, միայն Արսեն Հարությունյանն է ստացել: Ավելին, նա նշում է, որ ինքն էլ վնասվածք ունի, սակայն դրանք չեն երեւում, ինքը հարված է ստացել դեմքին, թե ինչ վնասվածք է, Բաբայանը չկարողացավ նշել:

Հարձակում գործած փաստաբանները նույնիսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ մարմնական վնասվածք ստանալու եւ Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի գործողությունների վերաբերյալ: Ինչքանո՞վ է հարիր Փաստաբանական դպրոցի տնօրենին նման պահվածքը, Սիմոն Բաբայանը որերորդ անգամ նշեց, որ ինքը ընդամենը գնացել է պարզաբանում պահանջելու:

Սոցցանցերում դեպքից հետո շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ, թե հարձակում գործած անձանցից որոշները նախկինում էլ խնդիրներ եւ միջադեպեր են ունեցել այլ փաստաբանների հետ, այլ գրասենյակներում, Սիմոն Բաբայանը, իր խոսքով, ոչինչ չգիտեր, նշեց, որ նման միջադեպի մասին տեղեկություններ չունի։

Զավեշտալին Փաստաբանական դպրոցի տնօրենի հայտարարությունն էր, թե դիմելու է, որ գործը փոխանցվի Քննչական մարմիններին, քանի որ Տիգրան Աթանեսյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փաստաբանն է: Նշենք, որ ոստիկանությունը նախաքննական մարմին չէ, քննությունը վաղուց այլ կառույցների, մասնավորապես Քննչական կոմիտեի իրավասության շրջանակներում են։

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, թե Սիմոն Բաբայանը, ՓՊ նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանն ու Վրեժ Խաչիկյանը եւ ոմն Արսեն հարձակվել են իր գրասենյակի վրա։ Արմեն Սողոմոնյանը լուրջ վնասվածքներ էր ստացել։ Նրա խոսքով, իրեն ինչ-որ առաևկայով հարվածել էր հենց Սիմոն Բաբայանը։