ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենշաբաթյա ուղերձում հայտնել է, որ շատ հաջող է համարում իր վարչակազմի աշխատանքի առաջին 100 օրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կսրծում եմ՝ իմ վարչակազմի 100 օրը մեր երկրի պատմության մեջ ամենահաջողվածներից մեկն էր»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը գտնվում է վերելքի վրա, եւ այդ վերելքը արագընթաց է:
Թրամփն իր ձեռքբերումներից է համարում նոր աշխատատեղերի ստեղծումը, խորքային փոփոխությունները Վաշինգթոնում եւ Անդրօվկիանոսյան առեւտրային գործընկերությունից հրաժարումը, որը, նրա խոսքով, թույլ չի տալիս ամերիկացիների շահերից բխող առեւտուր իրականացնել: «Մենք ունենալու ենք մրցունակ ու հզոր երկիր», -խոստացել է Թրամփը:
Ավելի վաղ սենատում դեմոկրատական փոքրամասնության ներկայացուցիչ Չակ Շումերը հայտարարել էր, որ 100 օրվա ընթացքում Թրամփն իր խոստումներից եւ ոչ մեկը չի կատարել, քանի որ ձեռնամուխ չի եղել իր նախաձեռնությունների իրականացմանը:




























