Տարիներ շարունակ Ջավախքի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականութան դասագրքեր չեն ստացել եւ սովորում են հին դասագրքերով, որոնք Հայաստանում չեն անցնում, գրում է «Վրաստանի հայ համայնքի» կայքը: 

Վերջին անգամ Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր ստացել են 2015 թվականի դեկտեմբերին, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեց, չէին համապատասխանում ուսումնական ծրագրին, ուստի չբաժանվեց աշակերտներին: Ջավախքի հայկական դպրոցների աշակերտները վերջին անգամ նոր դասագիրք են ստացել դեռեւս 2012 թվականին:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչները ահազանգում են եւ ցավով նշում, որ տարեց-տարի վիճակն էլ ավելի է սրվում. «Մենք նախկին գրքերով ենք դասավանդում, քերականությունն առանձին, գրականությունն առանձին, այնինչ օրենքով մի գիրք պետք է լինի: Ստիպված երկու գիրք ենք անցնում մեր ժամանակը չի բավականացնում, ուզած-չուզած որոշ մասը չենք սերտում: Պատկերացնում եք մեր ունեցած գրքերն, այն գրքերն են որոնք փորձարկվել են, բայց չեն անցել Հայաստանում: Ես տեսել եմ իրենց այսօրվա դասագրքերը, մերից շատ-շատ են տարբերվում:

Մեր աշակերտները այս դասագրքերով չեն կարող Հայաստան բարձրագույն որեւէ հաստատություն ընդունվել: Ջավախքից գնացած աշակերտը հայագիտական ֆակուլտետ ընտրելիս փաստի առաջ է կանգնում, քննություն չի կարող հանձնել, որովհետեւ այս գրքերը չեն համապատասխանում իրենց քննական պահանջներին», -ասել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը, չցանկանալով նշել անուն ազգանունը:

Մանկավաժների խոսքով դպրոցական կրթությունը Ջավախքում նահանջ է ապրում, որն ամենակարեւորն է անձի ձեւավորման գործում, պատճառ դասագրքերի մաշվածությունն է կամ պարզապես բացակայությունը:

«Այս տեմպերով ո՞ւր ենք հասնելու, արդյունք չկա, կրթությունը նահանջ է ապրում: Վրաստանն ընդհանուր հայտարարի չի եկել եւ չգիտենք, երբ կլինի իրենց կողմից հրատարակված գրքերը: Ես խոսում եմ իմ ցավի մասին, որը ես եմ զգում: Խրթին թարգմանությամբ դասագրքերով սերունդ ենք կրթում, այսպես չի կարելի: Իսկ Հայաստանում փակում են ավագ դպրոցները եւ մեզ ուղարկում մնացած գրքերը, սա ինձ համար ավելի վիրավորական է: Հասկանում եք, ես տարիների փորձ ունեմ եւ գիտեմ ինչ եմ տալու աշակերտին, բայց գիտեք ես ինչի միջով եմ անցնում մինչեւ աշակերտին եմ հասցնում դասի թեման», -նշեց մեկ այլ մանկավարժ:

Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականության հետ կապված դասագրքերը հայկական ծրագրերով են սովորում, որոնք հենց Հայաստանից են ստանում: Մնացածը Վրաստանն ինքն էլ վերանայում է կրթական բովանդակությունը: 6 տարի է Վրաստանի հայկական դպրոցների աշակերտների սեղանին են խրթին եւ շատ հաճախ անհասկանալի թարգմանությամբ դասագրքեր, որը բնականաբար բացասաբար է ազդում աշակերտի կրթության վրա:

Ունեցած տեղեկությունների համաձայն մինչեւ նոր 2017-2018 ուս տարվա սկիզբ Վրաստանի հայկական դպրոցները երկարատեւ ընդմիջումից հետո վերջապես կստանան հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր:

Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից տեղեկացանք, որ Վրաստանի ԿԳ նախարարության պահաջով ուղարկվել է ցուցակ ըստ աշակերտների քանակի, իսկ թե երբ կհասնեն դասագրքերը, իրենք չեն կարող նշել: