Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել ջրատարում ապրիլի 28-ին հայտնաբերված 74-ամյա տղամարդու մահվան դեպքի վերաբերյալ:

Ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության՝  ապրիլի 28-ին ժամը 18:27-ին հաղորդում է ստացվել, որ Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն. դիակի ձախ և աջ նախաբազուկների դաստակային հոդերի շրջաններում հայտնաբերվել են օղակաձև՝ ներհրված եզրերով կարմրավուն ճյուղավորվող տեղամասեր, իսկ գոտու աջ և ձախ հատվածներում՝ ամրակապված մետաղական լարեր:

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 03.06.1942 թվականին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: