Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի երեկոյան ուղիղ եթերում հրամանագիր է ստորագրել երկրում հիմնադիր ժողով հրավիրելու մասին, որին վճռականորեն դեմ է ընդդիմությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Որպեսզի հրամանագիրը կատարվի անհապաղ»,- փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարել է Մադուրոն: Նա վկայակոչել է նաեւ Սահմանադրության 347, 348 եւ 349 հոդվածները, որոնք երկրի ղեկավարին նման լիազորություն են տալիս:
«Ես նախագահական լայն հանձնաժողով եմ ստեղծել՝ բաց դռներով՝ ամբողջ Վենեսուելայով մեծ երկխոսության ծավալման համար»,- ընդգծել է Մադուրոն:
Հենց այդ հանձնաժողովն է զբաղվելու հիմնադիր ժողովի գումարման աշխատանքներով: Հանձնաժողովը ղեկավարում է երկրի կրթության նախարարը, որի կազմում են նախարարներ, ինչպես նաեւ Մադուրոյի տիկինը՝ Սոլիա Ֆլորեսը:
Կընտրվեն հիմնադիր ժողովի 200-250 անդամներ ժողովրդական զանգվածներից: «Ընդհանուր առմամբ մենք կընտրենք մոտ 500 օրենսդիրների, որոնց խնդիրը պետք է լինի՝ վերցնելով հիմքը՝ առաջարկել նոր հոդվածներ (սահմանադրությունում)»,- նշել է Մադուրոն:
Վենեսուելայի սահմանադրության համաձայն՝ երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ այդ իշխանությունը կարող է իրականացվել ազգային հիմնադիր ժողովների միջոցով, որոնք հրավիրվում են՝ պետական կարգը փոխելու եւ նոր սահմանադրություն մշակելու համար:
Մադուրոյի որոշումն առաջացրել է ընդդիմության բուռն քննադատությունը: Խորհրդարանի ղեկավար Խուլիո Բորխեսն այդ որոշումը սահմանադրության խախտում է համարել եւ դիմակայության կոչ է արել:




























