Արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մի շարք երկրների դեսպանների հավատարմագրերն ընդունելիս, փոխանցում է ԲելՏԱ-ն: 

«Մեր երկիրն ի վիճակի է արտասահմանյան երկրների համար ելք ապահովելու ԵՏՄ ահռելի շուկա: Անկասկած սա մեծացնում է նրա գրավչությունը առեւտրատնտեսական եւ ներդրումների տեսակետից»,- ասել է նա՝ հավելելով, որ Բելառուսը համագործակցության համար բաց է, ինչը հաստատվում է 2017-ի սկզբին 80 երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի 5-օրյա ռեժիմի սահմանմամբ:

Նա հիշեցրել է, որ ներկայումս Մինսկը նախագահում է Կենտրոնա-Եվրոպական նախաձեռնությունում, ինչի շնորհիվ, նրա խոսքով, Բելառուսը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին երկրների ավելի լայն ներգրավման նոր հնարավորություններ է ստացել:

Նա հավելել է, որ երկրների համագործակցության զարգացումը հատուկ նշանակություն ունի «ներկայիս անկայուն իրադրության եւ աննախադեպ մարտահրավերների համատեքստում»: Լուկաշենկոն ընդգծել է, որ «դեսպանների համար փակ թեմաներ չկան» եւ նրանց բոլոր առաջարկերը «կիրականացվեն ամենակարճ ժամկետներում»:

Այսօր Բելառուսի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի, Իրանի, Բելգիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Մալթյան օրդենի, Ադրբեջանի, Հունաստանի, Ռուանդայի, Իսրայելի, Ուկրաինայի դեսպանները: