Օրերս Բրյուսելում կայացել է Հաբիթաթ Ֆոր Հյումանիթի Ինթերնեյշնլ-USAID համատեղ կոնֆերանսը՝ «Շենքների էներգախնայողությունը Արեւելյան Եվրոպայում» թեմայով, որին մասնակվել է նաեւ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
Կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի, Բոսնիայի, Հերցեգովինայում, Ուկրաինայի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Լատվիայի, Լիտվայի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Եվրամիության, Եվրոպական բանկի, Էներգետիկ Խարտիայի ներկայացուցիչները, քննարկվել են Արեւելյան Եվրոպայում բազմաբնակարան շենքերում էներգետիկ քաղաքականությանը, Էներգետիկ աղքատության հաղթահարմանը, էներգաարդյունավետությունը վերաբերող հարցեր, ընդ որում, այս համատեքստում դիտարկվել են նաեւ Հայաստանի արդյունքները: Քննարկումների ընթացքում կարեւորվել են են Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանյան երկրներում իրականացված էներգաարդյունավետության այլ ծրագրեր, կառավարությունների գործադրած ջանքերը եւ վարած քաղաքականությունը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանյան երկրներում:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Տ. Արզումանյանը կոնֆերանսի ընթացքում ելույթ ունենալով՝ ներկայացրել է բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները, դաշտի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները, իրականացված ծրագրերը, արդյունքներն ու խնդիրները, հետագա անելիքները:
Հանդիպման ավարտին մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից կարեւորվել է էներգետիկ աղքատության կրճատումը, այդ ուղղությամբ պետական մասնակցության (ֆինանսավորման, օրենսդրական, իրազեկման, վերահսկողական եւ այլ մեխանիզմների միջոցով) անհրաժեշտությունը, հնարավոր սեղմ ժամկետում լուծումների առաջարկումը:




























