Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ 2015 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ կոնսորցիում համաձայնությամբ հանդես եկած «Լիլանարմ» ու «Գեւորգյան եւ Ներսիսյան» ՍՊԸ-ների միջեւ կապալային պայմանագիր է կնքվել Երեւանի Վիլնյուսի 61 հասցեում գտնվող թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կատարելու վերաբերյալ:

Սակայն կապալի շրջանակում նախատեսված եւ պետբյուջեից ստացված 108.920.995 դրամ գումարը կոնկրետ եւ նպատակային աշխատանքների համար օգտագործելու փոխարեն ուղղվել է մանկապարտեզի 5 մասնաշենքերում տարբեր եւ միմյանց հետ հաջորդականություն չունեցող՝ քանդման, նախապատրաստման, լոկալ նորոգման եւ այլ աշխատանքների իրականացմանը:

Այդ ընթացքում «Լիլանարմ» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Ն. Պ.-ն, չնայած կատարված չեն եղել ծավալաթերթ-նախահաշիվներով նախատեսված նորոգման աշխատանքները, քաղաքաշինության նախարարություն է ներկայացրել 108.920.995 դրամի շինաշխատանքների մատուցման հաշիվ-ապրանքագրեր եւ աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ ու կատարողական ակտեր:

Աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայկասար» ՍՊԸ ներկայացուցիչ Մ. Պ.-ն, իր հերթին, կատարողական ակտերում իր ստորագրությամբ հաստատել է աշխատանքներն ամբողջությամբ կատարած լինելը, ինչի հիման վրա Ն.Պ.-ն, աշխատանքների ողջ գումարի վճարումից հետո յուրացրել է չկատարված աշխատանքի ծավալով նախատեսված եւ իրեն վստահված խոշոր չափերի գումարներ:

Այս ամենի հետեւանքով մանկապարտեզի սաները շարունակում են մնալ անբարեկարգ ու հակահիգիենիկ պայմաններում:

Բացի այդ, նույն աշխատանքների հանձնման-ընդունման գործառույթների ընթացքում անհայտ անձը 29.01.2016թ. արձանագրության մեջ կեղծել է քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ստեղծված «Պատասխանատու ստորաբաժանման» ղեկավարի ստորագրությունը:

Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: