Հայաստանում պաշտոնյաների ապօրինի հարստացման դեմ ընդունվել է օրենքների ամբողջ համալիր: Մայիսի 2-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա հիշեցրեց, որ պետական ծառայողների ապօրինի եկամուտների դեմ միանգամից 2 օրենք է ընդունվել:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետական ծառայողները պարտավոր են հայտարարագիր ներկայացել (բարձրաստիճան անձինք), 2 մլն դրամից ավելի ոչ կանխիկ վճարումներ ստանալու իրավունք չունեն (խոսքը ծառայության հետ չկապված անձնական եկամուտների մասին է՝ շահաբաժիններ, փոխառության փողեր եւ այլն): Իսկ ըստ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ 5 մլն դրամից ավելի (10 հազար դոլարից մի փոքր ավելի) ցանկացած եկամուտ պաշտոնյան պետք է հիմնավորի, այլապես նրան կսպառնա 3-ից մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում: Երկրորդ օրինագիծն ընդունվել է 2016 թվականի վերջին, սակայն ուժի մեջ կմտնի միայն 2017-ի հուլիսից: Նախկինում ընդդիմությունը հայտարարել է, որ այս կերպ պաշտոնյաներին ցանկանում են ժամանակավոր զիջում կատարել:

Այս կապակցությամբ Քրմոյանը նշեց, որ կես տարվա ժամկետն անհրաժեշտ է, որ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին առընթեր համապատասխան աշխատանքային խումբ ստեղծվի: Աշխատանքային խումբը պետք է ի վիճակի լինի վերլուծելու ներկայացված բոլոր հայտարարագրերը եւ անհրաժեշտության դեպքում ահազանգի իրավապահներին:

Նա հիշեցրեց, որ հայտարարագիր են ներկայացնում ոչ միայն խոշոր պաշտոնյաները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամները, եթե միասին են բնակվում: Ըստ որում՝ եթե նույնիսկ նրա մերձավոր ազգականները՝ ծնողները, երեխաները, ամուսինը եւ նրա ծնողները, նրանց հետ չեն բնակվում, նա պետք է իր հայտարարագրում նրանց նշի որպես փոկապակցված անձինք: