ԱՄՆ նախկին պետքարտուղար դեմոկրատ Մադլեն Օլբրայթը, ով 2000 թվականին որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար ԿԺԴՀ մայրաքաղաք Փհենյանում հանդիպել է Կիմ Չեն Իրի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել զգուշանալ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից։ Համապատասխան հայտարարությունն Օլբրայթն արել է CNN հեռուստաալիքի եթերում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Նախագահներն առանց նախապատրաստության երկրներ չեն այցելում, իսկ պատվի վերաբերյալ պատկերացումները տվյալ դեպքում ճիշտ չեն, երբ առաջնորդը ժողովրդին պահում է սովի ու աղքատության մեջ։ Խնդիրն այն է, որ Թրամփը կարծում է, թե նրա հետ անձնական հարաբերություններ կարող է կառուցել։ Հնարավոր է, դա կարելի է բիզնեսում, բայց դա նորություն է ԱՄՆ-ի նախագահի համար»։

Խոսելով ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականության ընդհանուր սկզբունքների մասին՝ Օլբրայթը վստայհություն է հայտնել, որ Փհենյանի վրա «ճնշում գործադրել պետք չէ», բայց պետք է «հստակ հասկացնել, որ այն չի կարող միջուկային գերտերություն լինել»։