Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջը եւ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խահթարը ԱՄԷ-ի մայրաքաղաքում հանդիպման ժամանակ պայմանավորվել են նախագահական պետական խորհուրդ ստեղծել եւ կես տարի հետո արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հայտնում է արաբական արբանյակային «Ալ Խադաս» հեռուստաալիքը:
Սա անցյալ տարվա սկզբից ի վեր Լիբիայում հակամարտող կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումն է: Այն տեղի է ունեցել Աբու Դաբիի ժառանգորդ արքայազն Մուհամմեդ Ալ Նահայանի միջնորդությամբ:
Իշխող նոր կառույցի՝ պետական խորհրդի մեջ կմտնեն խորհրդարանի խոսնակը, վարչապետը եւ Լիբիայի զինված ուժերի հրամանատարը: Հակամարտության կողմերը պայմանավորվել են, որ «պետական խորհուրդը զերծ կլինի ցանկացած գաղափարախոսական հոսանքից»: Մանրամասների մշակման համար նրանք որոշել են աշխատանքային խումբ ստեղծել եւ կապ պահպանել մշտական հիմքով:
Դրանից զատ, նոր համաձայնագրով նախատեսվել է լուծարել բոլոր ոչ կանոնավոր զինված կազմավորումները եւ ահաբեկչության դեմ համատեղ պայքար մղել:




























