Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը կարելի է չափավոր մեծացնել, եթե փոխարենը սպասվում է ՀՆԱ-ի գերազանցող աճ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ հարցը, թե ինչ սահմաններում է կարելի շեղվել պետական բյուջեի պակասուրդի Մաաստրիխտյան չափանիշներից, կքննարկվի ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան կժամանեն հունիսին: Արամյանը հիշեցրեց, որ վերջին 10 տարում, 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը նկատելիորեն մեծացել է ոչ միայն ԱՊՀ-ի երկրներում եւ Արեւելյան Եվրոպայում, այլեւ մեծ թվով զարգացած երկրներում: «Պետական բյուջեի պակասուրդը 2017 թվականի համար մենք կրճատել ենք ՀՆԱ-ի 5,5 տոկոսից մինչեւ 2,8 տոկոս: Ըստ Մաաստրիխտի՝ այն չպետք է գերազանցի 3 տոկոսը: Սակայն եթե մեզ մոտ, ասենք, 2,8 տոկոսից աճի մինչեւ 3,2 կամ 3,5 տոկոս, իսկ դրա փոխարեն ստանանք ՀՆԱ-ի նոր աճ, ապա, իհարկե, անհրաժեշտ է նման ուղիներ փնտրել»,- ասաց ֆինանսների նախարարը: 

Վարդան Արամյանի պարզաբանմամբ՝ այս պատճառով հիմա արդարացված է չափավոր նոր արտաքին վարկեր վերցնելը՝ պայմանով, եթե դրանք ուղղվեն ենթակառուցվածքներին, որոնք կօգնեն մեծացնել տնտեսության արտադրողականությունը: Սա ոչ միայն կարճաժամկետ աճ կապահովի (շինարարական աշխատանքների հաշվին), այլեւ երկարաժամկետ: