Նոր վարկեր կլինեն, բայց միայն նոր աճի համար: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա ներկայացնում է Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարությունը, նշելով, որ սպասվածից ավել հարկեր հավաքագրելով` կառավարությունը մտածում է նոր վարկերի մասին` ենթակառուցվածքների համար: Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած այս միտքը այժմ քննարկվում է: Եղած վարկերի արտոնյալ տարրերը (grant element) կազմում են 30%, իսկ ըստ Ֆիննախի ստրեսս-տեստերի, նույնիսկ եթե դրամի կուրսը կտրուկ ընկնի մինչեւ 600/$1, դեֆոլտ չի լինի: Այժմ նախարարության խնդիրն է ապացուցել այս անվտանգությունը Հայաստանում եւ դրսում:
ԱՄՀ-ի ներկայացուցիչները նշում են, որ եթե բյուջեն շարունակի հավաքել ավել եկամուտներ, կարելի է վերցնել զարգացման նոր վարկեր` կապիտալ ծախսերի համար: Որքանո՞վ եք համաձայն այս դիտարկմանը:
2017 թ. առաջին եռամսյակի միտումներն է’լ ավելի դրական էին, քան մենք ակնկալում էինք: Հավաքագրել ենք պլանային ցուցանիշից 11,5 մլրդ դրամով ավելի եկամուտ: Այստեղից մենք ենթադրեցինք, որ ողջ տարում կարող ենք հավաքել 50 մլրդ ավելի: Նշեմ` ճգնաժամից հետո չի եղել մի տարի, երբ մեր բյուջեի եկամուտները ճշգրտվեին դեպի վերեւ:
Նոր գումարները կուղղենք կապիտալ ծախսերին: Այս մոտեցումը ամրագրել ենք մի քանի շաբաթ առաջ` կառավարության 1313-Ն որոշմամբ:
Ինչպիսի՞ ենթակառուվածքներ պիտի ստեղծվեն առաջին հերթին:
Հիմնականում` ճանապարհներ ու ոռոգման համակարգեր:
Առաջինը` պիտի գլխի բերենք ավարտին մոտ ծրագրերը: Եթե շինարարությունը 75%-ով եւ ավելի ավարտված է, ապա պետք չէ այն առկախել, որպեսզի տնտեսությանը ավելի շուտ սկսի ծառայել:
Երկրորդը` կարեւորում ենք մարզերին ուղղված ծրագրերը: Երեւանն էլ է մեզ համար շատ կարևոր, բայց մարզերի զարգացումը տնտեսական անվտանգության լուրջ բաղադրիչ է:
Երրորը` պիտի ընտրենք այնպիսի նախագծեր, որոնք կզարգացնեն հարակից ոլորտները: Օրինակ` նոր փողոցային լուսավորությունը հոսանք կխնայի, իսկ նոր ոռոգման համակարգը համ ջուր կխնայի, համ էլ գյուղատնտեսության արտադրողականությունը կբարձրացնի: Կամ` պատկերացրեք, թե ինչպիսին կլինի էֆեկտը եւ’ արտադրության, եւ’ առեւտրի, եւ տուրիզմի համար, երբ Գյումրի - Երեւան նոր ճանապարհը պատրաստ կլինի, ու երթեւկին կծախսենք ոչ թե 2, այլ 1 ժամ:
Ի՞նչ չափով է ընդունելի շեղվել ներկայիս պարտքի ու բյուջեի պակասուրդի ցուցանիշներից:
Մեր հարկաբյուջետային կանոններն ամրագրվել են 2006-ին: Նման չափանիշներ ` Մաաստրիխտի կանոնների հիմքով, ունեն աշխարհի շատ երկրներ, այդ թվում` ԱՊՀ-ի ու Եվրոպայի: Մի շարք երկրներ այդ կոշտ պահանջները անգամ ներառել են սահմանադրական օրենքներոում եւհիմա լուրջ խնդիրներ ունեն: Բացատրեմ, թե ինչու:
2000-ականներին` մինչեւ 2008 թ., այդ բոլոր երկրներում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ցածր էր ու անընդհատ իջնում էր: 2009-ից հետո պարտքի պրոֆիլը ողջ աշխարհում փոխվել է: Նույնիսկ զարգացած երկրներում պարտքի մեծ ծավալ եկավ մասնավոր բալանսից պետական: Հարց է առաջանում` արդյոք նոր իրականությունում այդ կանոնները պե՞տք է վերանայել: Կարծում ենք` այո, եթե դրանք չափից ավելի կոշտ են ու կրճատում են ՀՆԱ-ի աճի հնարավորությունները:
2017 թ. բյուջեի պակասուրդը մենք նվազեցրել ենք ՀՆԱ-ի 5,5%-ից 2,8%: Մաաստրիխտի կանոններով` այն 3%-ից չպիտի անցնի: Բայց եթե այն 2,8-ից դառնա, օրինակ 3,2 կամ 3,5, բայց փոխարենը ունենանք ավելի շատ հարկեր ու ՀՆԱ, ապա իհարկե պետք է գտնենք նման լուծումներ:
Հավելեմ, որ Ֆիննախի զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը Կենտրոնական Բանկը փորձում է հավասարակշռել` մեղմ դրամավարկային քաղաքականությամբ: Բայց 2016-ին մենք տեսանք, որ վերջինիս էֆեկտը սահմանափակ էր: Այն լիկվիդայնությունը, որը ներարկվում էր բանկեր, տնտեսություն չէր գնում: Սրա փոխարեն, որքանո”վ ենք մենք պատրաստ նորից ընդլայնել հարկաբյուջետային քաղաքականությունը: Այս հարցերը մենք կքննարկենք ԱՄՀ-ի տեխնիկական թիմի հետ, որին կհյուրընկալենք հունիսին:
Արդյոք կա՞ «պլան Բ», եթե ավել եկամուտները չհավաքագրվեն:
Այո, կա: Այստեղ ուզում եմ շեշտել, որ թերհավաքագրման ռիսկը մենք դիտարկում ենք միայն լրացուցիչ 50 միլիարդի համար: Հիմնական 1 տրլն 135 մլրդ դրամը, մենք ցանկացած դեպքում կհավաքենք:
Եթե տնտեսական նոր ռիսկեր առաջանան, մենք բիզնեսի վրա հարկային ճնշում չենք գործադրի: Փոխարենը կկրճատենք ոչ կենսական ընթացիկ ծախսեր, նախ եւ առաջ` պետական ապարատի ծախսերը: Կշարունակենք նաեւ օպտիմալացման ծրագրերը:
ԱՄՀ-ն իր Համաշխարհային տնտեսական կանխատեսման (World Economic Outlook) վերջին թողարկման մեջ նշում է, որ ԱՄՆ-ի հարկային ռեֆորմի դեպքում կարող է աճել ամերիկյան տնտեսությունը եւ դոլարի փոխարժեքը: Սա կարող է ռիսկեր առաջացնել մեծ դոլարային պարտք ունեցող երկրների համար…
Այո, այդ իսկ պատճառով մեր ռազմավարությունն է` բարձրացնել ներքին պարտքի կշիռը: Այն համարվում է ամենացածր ռիսկայինը: Քաղաքացիները սեփական պետությունից ամեն գնով պարտք չեն պահանջի` նույնիսկ եթե ինչ-որ մի պահի պետությունը չկարողանա վճարել:
Միջազգային պարտքը ռիսկի տարբեր աստիճաններ ունի: Ամենաապահովը միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտքն է: Նրանք եւս շահագրգռված չեն երկիրը դեֆոլտի տանելու: Նրանց գործունեության 70 տարում նման դեպք չէր եղել: ՄՖԿ-ներից հետո երկրորդը երկկողմանի միջպետական վարկերն են: Եւ վերջապես, ամենառիսկայինը համարվում է արտաքին շուկայական պարտքը: Ողջ աշխարհում, պարտքի ճգնաժամերը ծագել են հենց դրանից ` եւ’ Մեքսիկայի տեկիլայի ճգնաժամը, եւ’ ասիական, բրազիլական ու ռուսական ճգնաժամերը:
Իհարկե, խնդիրը ինքնին պարտքը չէ. ռիսկերն առաջանում են միայն անվճարունակության դեպքում:
Ամեն դեպքում, մենք աշխատում ենք հավասարակշռել պարտքի մեր կառուցվածքը: Մեր արտաքին շուկայական պարտքը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար (եվրոբոնդերի երկու թողարկումներից): Սա կառավարության ողջ պարտքի 20%-ից էլ պակաս է: Այն մեզ նաեւ զգոն է պահում, որպեսզի է’լ ավելի ուշադիր հետեւենք մակրոտնտեսական կայունությանը: Այն, որ սա մեզ հաջողվում է, վկայում է ներդրողների պահանջարկը: Հիմա մեր եվրոպարտատոմսերի եկամտաբերությունն ավելի ցածր է, քան եղել է թողարկման ժամանակ: Այսինքն` ներդրողները պատրաստ են Հայաստանի պետական արժեթղթերը գնել ավելի ցածր եկամտի դիմաց, որովհետեւ վստահում են մեր տնտեսությանը եւ կառավարության ծրագրերը համարում կանխատեսելի:
Մեր արտահանման համար արտաքին ռիսկերից են Չինաստանի տնտեսության ուղղորդումը դեպի ներքին շուկա եւ ծառայություններ եւ տեղի արդյունաբերությունում մետաղների պահանջարկի նվազումը: Մեկ այլ ռիսկը Ռուսաստանի ֆիսկալ մանյովրն է` ԱԱՀ-ի սպասվող բարձրացումը…
Վերջին տարիներին Չինաստանում աճի միտումը աստիճանաբար իջել է: Բայց այս տարվա առաջին եռամսյակը սպասումները փոխեց: Տնտեսական ակտիվությունը ծրագրվածից ավելի էր` 6,7%: Շատ հավանական է, որ այստեղ կարեւոր ազդակ էր սպասումների բարելավումը: Իհարկե, անորոշություններ չինական տնտեսությունում դեռեւս կան, բայց աճը շարունակվում է:
Ռուսաստանում ԱԱՀ-ի բարձրացումը կարող է բերել ապրանքների գնի բարձրացման ու սպառման կրճատման: Բայց մեր արտահանումն այնքան փոքր է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ռուսական շուկայում միշտ էլ տեղ կունենանք:
Հունիսին Հայաստանում կկայանա ԱՄՀ-ՀԲ անդամ երկրների հանդիպումը (Constituency meeting), որտեղ կհավաքվեն Հայաստանն ընդգրկող երկրների խմբի անդամները: Հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՀ փոխնախագահ Տաո ժանը: Որքանո՞վ է կարեւոր այս հանդիպումը:
Առաջին անգամ մեզ մոտ կկազմակերպվի նման բարձր մակարդակով ԱՄՀ հանդիպում: Կժամանեն նաեւ մեր երկրների խմբի ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի նախագահները: Սա լավ հարթակ է, որ մեր փորձով կիսվենք ու քննարկենք, թե ինչ ընդհանուր մոտեցումներով հանդես գանք ԱՄՀ-ում ու Համաշխարհային Բանկում: Վերջապես, սա եւս մի առիթ է ներկայացնելու մեր բարեփոխումները միջազգային տնտեսական վերլուծաբաններին:



























