Հայաստանում կհիմնվի ասոցիացիա, որի նպատակը անասնաբուժական մասնավոր բիզնեսը զարգացնելն է: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, նշվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանիի, «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանի եւ «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենի հանդիպման ժամանակ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը:

Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CARD հիմնադրամը Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում նախատեսում է հիմնել անասնաբուժական ասոցիացիա, որի նպատակն է հանրապետությունում զարգացնել անասնաբուժական մասնավոր բիզնեսը:

Նրանք նշել են, որ Հայաստան կատարած այցի նպատակն է տրամադրել խորհրդատվություն անասնաբուժական ասոցիացիայի հիմնման վերաբերյալ: Խորհրդատուները  մի շարք հանդիպումներ են անցկացնելու հանրապետության տարբեր կառույցների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

«Անասնաբուժությունը գյուղատնտեսության ոլորտի կարեւոր ճյուղերից է, որը մշտական վերահսկման եւ մոնիթորինգի կարիք ունի: Այս հարցում մենք բարձր ենք գնահատում ձեր փորձը եւ հուսով ենք, որ այն մեզ համար օգտակար կլինի: Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ձեզ Հայաստանում նախատեսվող նախաձեռնություններում», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստանի անասնաբուժության ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշխատանքների առավել արդյունավետ իրականացման նպատակով նախարարը հորդորել է հյուրերին որպես վերահսկող մարմին սերտորեն համագործակցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անասնաբուժության ոլորտին առնչվող, այդ թվում` պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը եւ համարակալմանը վերաբերող հարցերին: