Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, մայիսի 2-ին, ժամը 18.10-ին, Վանաձորի Իսահակյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել եւ առգրավվել է լուցկու 5 տուփ՝ կողքերը քերված վիճակում, 10 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ ասեղով եւ ասեղակալով, 20 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ ասեղով եւ ասեղակալով, բժշկական սպիրտի դատարկ տարա, «Սինտոմիցին» դեղահաբի դատարկ տուփ եւ 0.5 լ տարողության պոլիէթիլենային տարա՝ 10 սմ բարձրությամբ լցված դեղնագորշավուն թմրանյութին նմանվող հեղուկով եւ 0.5 սմ բարձրությամբ թմրանյութին նմանվող գորշավուն հեղուկ՝ նստվածքով:
Արմեն Ղ.-ն հայտարարել է, որ նշված տարան եւ պարագաները պատկանում են իրեն, տարայի պարունակությունը «Կոդեին» տեսակի թմրամիջոցի մնացորդ է, որը պատրաստել է ինքը իրեն ներարկելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























