Կոլումբիական Ecopetrol նավթարդյունահանող ընկերությունը՝ ամերիկյան Anadarko-ի հետ համատեղ, Կարիբյան ծովի հարավային մասում բնական գազի հանքաղբյուր է բացել, որը համարվում է ամենախոշորը վերջին 28 տարվա ընթացքում։ Ինչպես չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ դա կապահովի կապույտ վառելիքի արտաքին մատակարարումներից կախվածությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Գտածոն մեզ թույլ կտա ընդլայնել կոլումբիական բնական գազի շուկան։ Գազի հայտնաբերված հանքաղբյուրը, Կարիբյան ծովում նոր պաշարների որոնումը եւ այդ ոլորտում աշխարհի ամենախոշոր ընկերությունների ներդրումները մեծացնում են մեր պոտենցիալը ածխաջրածինների արդյունահանման ոլորտում։ Ամենագլխավորը, դա եւս մեկ անգամ ցուցաբերում է օտարերկրյա ներդրումների համար Կոլումբիայի գրավչությունը», - նշել է երկրի ղեկավարը։
Սանտոսը չի հստակեցրել հանքաղբյուրի պաշարների ծավալը, քանի որ վերջնական չափումների համար կպահանջվի լրացուցիչ հանքահորերի հորատում։
«Ծովի հատակին բնական գազի որոնումները շարունակվում են։ Ներկա պահին իսպանական Repsol-ը՝ Ecopetrol-ի հետ համատեղ Կարիբյան ծովի Կոլումբիայի հատվածում եւս մեկ հանքահոր են հորատում։ Ecopetrol-ը ծրագրում է հորատել եւս երկու հանքահոր այնպիսի խոշոր ընկերությունների հետ համատեղ, ինչպես բրազիլական Petrobras-ը, նորվեգական Statoil-ն ու հնդկական ONGC-ն են», - հավելել է նախագահը։



























