Պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվն անհրաժեշտ է կրճատել գոնե 30 տոկոսով: Մայիսի 4-ին՝ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ հիմա պետական ծառայողական մեքենաների թիվը հասնում է 953-ի: Ֆինանսների նախարարությունը կշարունակի նվազագույնը 30 տոկոսով կրճատումը, իսկ հնարավոր է նաեւ ավելի:

Լրագրողների դիտարկմանը, թե պետական ապարատը հիմնականում ազատվում է հին, երբեմն էլ խորհրդային մեքենաներից, իսկ նոր արտասահմանյան մակնիշներից դժվարությամբ է բաժանվում, Արամյանը նշեց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: «Հին մեքենաները նույնպես սպասարկման ծախսեր են պահանջում: Այս ծախսերի կրճատումը մեզ համար օգտակար է»,- հավելեց նախարարը: