Հոլանդացի փորձագետ Քիս վան Վուխթը (Kees van Vught) հայ պանրագործների համար անցկացրել է հատուկ դասընթաց: Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում փորձագետը մասնագիտական դասընթաց է անցկացրել 15 պանրագործների հետ, այցելել նրանց արտադրամասեր, տեղում տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացրել է Գաուդա եւ Մոցարելա պանիրների արտադրության փորձ: Դասընթացի ընթացքում հոլանդացի մասնագետը ցուցադրել է նաեւ Նիդերլանդներում արտադրված պանրի նմուշները: Դասընթացի ավարտին արտադրողները մասնագետի հետ անցկացրել են պանրի արտադրությանը վերաբերող բաց քննարկում: Դասընթացը եւ խորհրդատվությունն իրականացել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Հոլանդացի ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում` ՓՄՁ ԶԱԿ-ի  եւ նրա գործընկերների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի աջակցությամբ:

Դասընթացից առաջ Կիս վան Վուխթը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում գործադիր տնօրենի տեղակալ, USAID/PRP ծրագրի ղեկավար Սյունիք Թադեւոսյանի, ծրագրի տեղական տնտեսական զարգացման բաղադրիչի պատասխանատու Արտակ Դադոյանի, ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մարզի մասնաճյուղի տնօրեն, PUM կազմակերպության հայաստանյան համակարգող Սուրեն Խուդավերդյանի, ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության բաժնի փորձագետ Վիոլետա Վիրաբյանի հետ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել էր այցի հետ կապված կազմակերպչական հարցերը, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության գործիքները եւ աջակցության ուղղությունները:

2016թ. սեպտեմբերի 20-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» ոչ առեւտրային կազմակերպության միջեւ ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթի հիմնակաան նպատակն է նպաստել հոլանդացի ավագ փորձագետների փորձի եւ գիտելիքների տարածմանը Հայաստանում գործող ՓՄՁ-ների շրջանում: Ծրագրի առաքելությունն է հոլանդացի փորձագետների կողմից կամավորական սկզբունքով ՓՄՁ-ներին տրամադրել փորձագիտական եւ  տեխնիկական խորհրդատվություն՝ խրախուսելով միջազգային շուկաների հասանելությանը, ինչպես նաեւ հայկական ՓՄՁ-ներում միջազգային լավագույն փորձի ներմուծմանը: