Մայիսի 4-ին Երեւանի թիվ 98 հիմնական դպրոցում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում աշակերտների եւ աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչությունը: Վարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը եւ կատարելագործել գործնական հմտությունները, ինչպես նաեւ՝ 98 հիմնական դպրոցի ԱՌՆ եւ ԱԻ խորհրդի, արձագանքող ուժերի փոխգործակցությունը որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:

Ստեղծված իրավիճակի համաձայն՝ մայիսի 4-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ կայանները Գառնիի խզվածքում՝ 18 կմ խորության վրա, գրանցել են 5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Դրա ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ, տեւողությունը՝ 10 վայրկյան: Աղետի հետեւանքով վնասվել են դպրոցի հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները եւ կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ: Ուսումնավարժության ընթացքում գործի է դրվում 98 դպրոցի աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներում գործելու պլանը:

Ուսումնավարժության պլանի համաձայն՝ դպրոցի տարհանման եւ պատսպարման կազմակերպման խումբը ուղեկցում է տարհանվողներին ԱՌՆ եւ ԱԻ պլանով նախատեսված դպրոցի հետնամասում գտնվող անվտանգ վայր, ինչպես նաեւ՝ իրականցնում է հասարակական կարգի պահպանում: Տարհանման հավաքատեղիում ուսուցիչները ստուգում են աշակերտների եւ դպրոցի աշխատակիցների թվաքանակը եւ այդ մասին զեկուցում է ԱՌՆ եւ ԱԻ խորհրդի ղեկավարին, որն էլ իր հերթին զեկուցում է ուսումնավարժության ղեկավարին: Մինչեւ փրկարար ուժերի ժամանումը դպրոցի ԱՌՆ եւ ԱԻ խմբերն իրականացնում են շենքի վթարային անջատում, առաջին բուժօգնություն, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներ:

Այս գորոծողությունների ընթացքում գործնականում ստուգվում եւ կատարելագործվում են դպրոցի աշակերտների եւ անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները: Իսկ փրկարարական ուժերի եւ արձագանքող այլ կառույցների ներգրավումը հնարավրություն է տալիս բարձրացնել շահագրգիռ բոլոր կողմերի միջեւ համագործակցության արդյունավետությունը որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց միջոցառման ընթացքը՝ ընդգծելով ուսումնավարժության կազմակերպվածության բարձր մակարդակը.

- Շատ գովելի էր հատկապես դպրոցի տնօրինության եւ անձնակազմի պատշաճ պատրաստվածությունը: Պարբերաբար անցկացվող ուսումնավարժություններից հետո բոլոր կրթօջախներում եւ հաստատություններում արդյունքները նկատելի եւ շոշափելի են: Շատ կարեւոր է, որ մեր մատաղ սերունդը դպրոցներում պատրաստ լինի դիմագրավել ցանկացած աղետի: Դա մեզ համար գերակա հարց է: Նշեմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: Բազում օրինակներ ունենք, երբ կազմակերպություններն իրենք են դիմում մեզ իրենց տարածքում ուսումնավարժություն անցկացնելու խնդրանքով: Մենք պատրաստ ենք բոլորի հետ հավասարապես աշխատել, - եզրափակեց Ն. Նազարյանը:

Մայիսի 10-ին քաղպաշտպանական թեմայով ուսումնավարժություն կանցկացվի Երեւանի պետական համալսարանում՝ որի ընթացքում կստուգվեն եւ կկատարելագործվեն ուսանողների գիտելիքներն ու հմտություննները: