Ռուսական կողմն իր տրամադրության տակ դեռեւս ապացույցներ չունի, որ Թուրքիայում գտնված գերեզմանում ցարական բանակի ռուս գեներալի աճյունն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է գտնված աճյունի նույնականացմանը, ապա ներկայումս ապացույցներ չկան, որ իսկապես այն պատկանում է ռուս գեներալ Գեյմանին, ինչպես պնդում են որոշ լրատվամիջոցներ: Մենք հույս ունենք, որ հետագա հետազոտությունների ընթացքում կհաջողվի այս կապակցությամբ ավելի կոնկրետ տեղեկություններ ստանալ»,- ասել է նա:
«Ենթադրում ենք, որ փորձաքննությունից հետո, մարմինը կրկին հողին կհանձնվի այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարեն հանգուցյալի ժառանգները, եթե նրանք հաստատվեն»,- հավելել է դիվանագետը:
Թուրքիայի Արդահանի նահանգում շինարարները շիրմափոս են հայտնաբերել, որում ամփոփված աճյունը, հնարավոր է, պատկանել է 140 տարի առաջ ապրած ռուս գեներալին: Բանվորներն այս մասին հայտնել են իշխանություններին, որոնք Ղարսի հնագիտական թանգարանի մասնագետների հետ մասունքը հետազոտել են: Շիրմափոսում խիտ մորուքով եւ բեղերով տղամարդ էր, որի հագին ռազմական հանդերձանք էր՝ հավանաբար XIX դարի - XX դարասկզբի:




























