Մայիսի 4-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ահազանգ է ստացել ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի կողմից՝ Լոռվա մարզում գտնված երկու արջի քոթոթներին փրկելու կոչով: Հիմնադրամն անմիջապես արձագանքեց կոչին եւ արագ արձագանքման թիմն ուղեւորվեց Լոռու մարզ:
«3-4 ամսական արջի ձագուկներ են, հայտնաբերվել են գետի ափին՝ առանց մայրիկի, եւ մենք ուզում ենք ինչ-որ չափով օգտակար լինենք ձագուկներին»,-տեղեկացրել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը:
Քոթոթները կանցնեն բուժզննում Երեւանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երեւանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:




























