Ոսկու արժեքը բարձրանում է ամերիկյան արժույթի արժեզրկման շնորհիվ, սակայն վերլուծաբանները չեն բացառում Եվրոպայում աշխարհաքաղաքական անորոշության նվազման հետեւանքով թանկարժեք մետաղի գների հետագա անկումը, հայտնում է «Փրայմ»-ը: 

Սակարկությունների տվյալների համաձայն՝ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսի արժեքը աճել է 6,20 դոլարով կամ 0,5 տոկոսով՝ մինչեւ 1234,8 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի հուլիսյան ֆյուչերսի արժեքը մեծացել է 0,53 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 16,39 դոլար: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթի զամբյուղում) նվազել է 0,04 տոկոսով՝ մինչեւ 98,74 կետ:

Չնայած սակարկությունների նման տվյալներին, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ ոսկու արժեքը դեռ կարող է անկում գրանցել: Նրանք իրենց կանխատեսումը պատճառաբանում են այն հանգամանքով, որ Մակրոնի ակնկալվող հաղթանակը կնվազեցնի աշխարհաքաղաքական անորոշությունը, իսկ միաժամանակ նաեւ ոսկու պահանջարկը՝ որպես առավել անվտանգ ակտիվ: Լը Պենի հաղթանակը, հակառակը, կարող է մեծացնել շուկայի վախը, քանի որ նա եվրոգոտուց Ֆրանսիայի դուրս գալու կոչ է անում: