«Էկոլուր» հ/կ-ն տեղեկացնում է, որ Նուբարաշենի ժամկետնանց թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում իրավիճակը շարունակում է ծանր մնալ:

Չնայած նրան, որ գերեզմանոցը ծածկվել է, շարունակում են մթնոլորտ արտանետվել տոքսիկ նյութեր: Գերեզմանոցի մոնիտորինգն իրականացնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի մասնագետները կարծում են, որ դրա պատճառը կարող են լինել հողի զանգվածները, որոնք խառնվել են գերեզմանոցից դուրս եկած, մակերեսին մնացած թունաքիմիկատների հետ: Կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանի կարծիքով` անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել գերեզմանոցի 500 տոննա պարունակության լիկվիդացման համար:

Հատկապես վտանգ է ներկայացնում այն փաստը, որ գերեզմանոցի մասսան զգալիորեն ավելացել է: Տարածքը ծածկված է հիդրոմեկուսիչի` տոլի հաստ շերտով եւ հետո նոր հողով: Բացառված չէ, որ մասսայի ավելացումից են արագացել  սողանքային գործընթացները: «Այդ մասին վկայում են նոր ճաքերը եւ խրամատների քանդվող պատերը, որոնք փորվել էին ջուրը հեռացնելու համար»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը. «ես վախենում եմ, որ գարնանը մենք նոր աղետի առաջ կկանգնենք, քանի որ ձյունից եւ անձրեւից սողանքներն էլ ավելի կուժեղանան»:

Նշենք, որ գերեզմանոցի ծածկման նախագծի մշակման եւ շինարարական աշխատանքների համար կառավարությունը բնապահպանության նախարարությանն է տրամադրել 31,6 միլիոն դրամ (մոտ 90 հազ. դոլար): Բացի այդ, անհրաժեշտ էր մաքրել եւ վերականգնել ջրի դրենաժային համակարգը:

Հաշվի առնելով ռիսկի աստիճանը` գերեզմանոցի ծածկման աշխատանքների ընթացքը գնահատվել է Համաշխարհային բանկի փորձագետի կողմից: Հաշվետվության համաձայն` Համաշխարհային բանկի առաքելությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ինչպես է հենց այդ ընկերությունն ընտրվել աշխատանքների իրականացման համար, եւ մրցույթի ժամանակ ընտրության համար ինչ չափանիշներ են օգտագործվել: Առաքելությունը տվել է նաեւ այլ հարցեր: Օրինակ` ինչպիսին է գերեզմանոցում օգտագործվող սարքավորումների վիճակը, ընկերության աշխատողներն ունեն համապատասխան գիտելիքներ, հմտություններ, ռեսուրսներ եւ փորձ, ի վիճակի են  իրականացնել այն աշխատանքները, որոնք պահանջվում են ստեղծված լուրջ իրավիճակում: «Կապալառուի աշխատանքի կատարողականը զգալի բարելավման կարիք ունի»,- նշված է հաշվետվության մեջ:

Հաշվետվության մեջ մատնանշվում է պատվիրատուի (բնապահպանության նախարարություն) եւ կատարողի կողմից ինժեներական վերահսկողության բացակայությունը: Նաեւ նշվում է, որ  ընկերությունը չուներ մանրամասն նախագիծ, որում կնշվեր, թե ինչպես է պետք խուսափել թունաքիմիկատների տարածումից եւ մաքուր ու աղտոտված հողերի իրար խառնումից:

Նշենք, որ շինարարական աշխատանքների մրցույթի հաղթողը «Նաիրիշին» կազմակերպությունն է, որը, «Էկոլուրի» տեղեկությունների համաձայն՝ պատկանում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: