Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած, Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվի հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը:
«Ինձ համար այս որոշումն անակնկալ չէր, քանի որ մեծ հույսեր չունեի»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց, այդ վիճակում ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանություն:




























