Երեւանում տեղի է ունեցել սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: Այսօր՝ մայիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքի բացումը:

Ցուցահանդես-վաճառքի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների գործունեությանը, հետաքրքրվեց արտադրական գործընթացի նորարություններով եւ խնդիրներով, դիտեց հայկական առաջին 360° ֆիլմը, պատասխանեց լրագրողների հարցերին:

Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշը կրող արտադրանքները միջազգային շուկայում գնալով դառնում են ավելի ընդունված, պահանջված եւ տարածված: Նման ցուցահանդեսներով մենք պետք է խրախուսենք  սփյուռքահայ ներդրողներին եւ աշխատենք օրինակ վերցնել հայրենադարձված մեր հայրենակիցներից, որոնք աշխատանքի եւ արտադրանքի որակի  հանդեպ  պատասխանատվության յուրահատուկ մոտեցում ունեն: Այս առումով նրանց արտադրանքները մրցունակ են եւ նորարարական: Հայրենիքում սփյուռքահայ արտադրողների համար պայմաններ են ստեղծվում, նրանց գործունեությունը դյուրացնելու նպատակով  որոշակի քայլեր են իրականացվում: Վերջին ժամանակաշրջանում, մասնավորապես տնտեսական ոլորտում կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանվում սփյուռքահայ ներդրողների եւ արտադրողների համար: Մեր ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնցով հատկապես զբաղվում են Հայաստանում հաստատված սիրիահայերը»: Նախարարը նշեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկա սփյուռքահայ ներդրողները եւ արտադրողները Հայրենիք են վերադարձել տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Սիրիա, Լիբանան եւ այլն:

Ցուցահանդեսի բացման ընթացքում սիրիահայ գործարար Ալեքսան Կարադանայանը, ով Հայաստանում հիմնել է "Alexan Art" եւ "Sona Print" ընկերությունները, շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը ցուցաբերած աջակցության համար: «2012 թվականի հոկտեմբերի 24-ին Սփյուռքի նախարարությունում փոքր եւ միջին բիզնեսի սիրիահայ ներկայացուցիչները հանդիպում ունեցան հայաստանյան տիքստիլ ոլորտի արտադրողների հետ: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց մեզ եւ ամուր գործակցության հիմք դրեց: Մեծ է նախարարության դերակատարությունը մեր բիզնեսի կայացման գործում, քանի որ առաջին համագործակցության առաջարկները ստացել ենք հենց Սփյուռքի նախարարությունում»,-ասաց Ալեքսան Կարադանայանը:

Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչ  ժամը 20.00-ն: