Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարեւանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում հատված ծառերի վերաբերյալ սոցիալական ցանցում քաղաքացի Գոհար Աբաջյանի հնչեցրած մտահոգության հետ կապված, Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել պարզաբանմամբ:

Քաղաքապարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մայթեզրի ծառերի հատումը իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից՝ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության դրական եզրակացության հիման վրա: Մինչ տվյալ ծառերի հատումը տեղում կատարվել է տեղազննում, որի արդյունքում պարզվել է, որ զբոսայգու հարակից մայթեզրում առկա թվով երեք բարդիների բնամասերն ամբողջությամբ փտած են, ծառերը գտնվում են խիստ վթարային վիճակում եւ հնարավոր է տվյալ ծառերի տապալման վտանգ:

Ըստ այդմ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր ագրոկանոններին համապատասխան իրականացվել են նշված ծառերի հատման աշխատանքները:

Ի դեպ, քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարները եւս ակնհայտ փաստում են, որ հատված ծառերն, իսկապես, եղել են փտած:  Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ վերոնշյալ այգին, որը բարեկարգվել է Երեւանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով, գտնվում է մեր մասնագետների մշտական հոգածության ներքո եւ հատված ծառերի փոխարեն էլ, հերթական ծառատունկի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից կտնկվեն նոր ծառեր: