Բելառուսում իրականացվել է 2017 թվականի առաջին մահապատիժը՝ մահապատժի է ենթարկվել Գոմելի բնակիչ Սերգեյ Օստրիկովը, հայտնում է Tut.by-ը:
Գրանցումից զրկված իրավապաշտպան «Վեսնա» կենտրոնից հայտնել են, որ նրա մայրը համապատասխան տեղեկությունը ստացել է Գոմելի մարզային դատարանից:
«Իրավապաշտպաններ ընդդեմ Բելառուսում մահապատժի» ընկերության համակարգող Անդրեյ Պոլուդան պարզաբանել է, որ Օստրիկովին կարող էին գնդակահարել ապրիլի 13-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:
Նրա խոսքով՝ քննչական մեկուսարանից նրա վերջին նամակը թվագրված է հենց ապրիլի 13-ով, իսկ մարզային դատարանը մահապատժի դատավճռի կատարման մասին ծանուցվել է ապրիլի 29-ին:
Ապրիլի 5-ին մորը թույլ են տվել քննչական մեկուսարանում հանդիպել որդուն, դա եղել է նրանց վերջին հանդիպումը:
33-ամյա Սերգեյ Օստրիկովը 2016-ի մայիսին մահապատժի է դատապարտվել 2 կանանց բռնաբարության եւ սպանության համար: Ըստ ցուցմունքների՝ տղամարդը սպանվածներին ճանաչել է, սակայն ոչ մեկի ընկերություն չի արել, նրանք աշխատավայրից էին ծանոթ:




























