ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:

2017թ. ապրիլի 29-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ 3-րդ գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել։ Փորձաքննության կատարման ընթացքում փորձագետները գլխի ճակատային շրջանի, աջ եւ ձախ այտաթշային շրջանների, կզակի, արմնկային, քթի շրջաններում հայտնաբերել են քերծվածքներ, ինչպես նաեւ՝ արյունազեղումներ՝ գլխի փափուկ հյուսվածքների, ձախ ճակատային եւ հետին մակերեսի, կրծքավանդակի աջ եւ ձախ կեսերի մակերեսներին։

Դիակի ինքնությունը պարզելու համար նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ովքեր ճանաչում են Քննչական կոմիտեի կայքում  հրապարակված լուսանկարներում պատկերված տղամարդուն կամ որեւէ տեղեկություն ունեն նրա վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տղամարդն ունի սլավոնական արտաքին՝ սպիտակամաշկ է, աչքերը եւ մազերը բաց գույնի, հագին եղել է սեւ գույնի կիսասպորտային անդրավարտիք, սեւ գույնի բարակ փայլուն կտորից բաճկոն՝ գլխանոցով, մոխրագույն սվիտեր, սեւ գույնի մարզակոշիկներ, սեւ գույնի կտորից գլխարկ: