Նորվեգիայի Տրոնխեյմա քաղաքից ոչ հեռու հնագետները պեղումներ են իրականացրել, որոնց ընթացքում հայտնաբերել են 24 բրոնզե կացին։ Ըստ նախնական գնահատականի՝ զենքը մոտ 3 հազար տարեկան է, հայտնում է Planet-today –ը։

Գիտնականները զենքը գտել են Խեդրա գյուղի մոտ։ Այս տարվա ձմռանը սիրողական հնագետներ, եղբայրներ Յոակիմ ու Յորգեն Կորստադները այդ հողերում մետաղորսիչի օգնությամբ ինը բրոնզե կացին ու փողային երաժշտական գործիքի մասեր էին գտել ու իրենց գտածոյի մասին հայտնել տեղի հնագետներին։

Դրանից հետո պեղումներով սկսել են զբաղվել Նորվեգիայի բնական ու տեխնիկական գիտությունների համալսարանի աշխատակիցները։ Աշխատանքների ժամանակ նրանց հաջողվել է 15 կացին ու այլ իրերի մասեր գտնել։ Ընդհանուր առմամբ 30 արտեֆակտ։ Այդ իրերը տարեգրված էին Ք․ա 1100-500 թթ։

Մասնագետները հայտնել են, որ հայտնաբերված բոլոր իրերը մեկ վայրում էին դասավորված, ինչը շա հազվադեպ է պատահում։ Հնագետների կարծիքով իրենց հաջողվել է հին զենքի պահեստ գտնել։