ՀՀ քննչական կոմիտեում պարբերաբար ուսումնասիրվում են երեխաների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում անչափահասների մասնակցությամբ քննված 107 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացություններով ուղարկվել դատարաններ: Այդ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 167 անձանցից 136-ը եղել են անչափահասներ:
Անչափահասների մասնակցությամբ քննված քրեական գործերի մեծ մասը ՝ 52-ը, հարուցվել են գողության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված):
Մնացած քրեական գործերից 9-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 4-ը` ՀՀ 104-րդ հոդվածով (սպանություն), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) եւ այլն:
2016թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 200 քրեական գործ, որոնցից 4-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Այդ քրեական գործերից 4-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելուն, 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն եւ այլն:
Քրեական գործերով որպես մեղադրյալներ ներգրավված անձանցից 24-ն անչափահաս են, որոնցից 9-ը՝ 14-16 տարեկան, 15-ը՝ 16-18 տարեկան: Վարույթում գտնվող գործերով եղել է 175 տուժող, որոնցից 47-ը՝ մինչեւ 12 տարեկան, 14-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 42-ը՝ 16-18 տարեկան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 71 քրեական գործ՝ 83 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ):
Ներկայացված թվերը փաստում են, որ երեխաների նկատմամբ, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունները զգալի թիվ են կազմում Հայաստանում, ինչը պահանջում է հատուկ ուշադրություն բարձրացված խնդրի նկատմամբ:



























