ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար  Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրեսին» մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ:

Նա մասնավորապես, նշել է. «Ցանկացած հակամարտության կարգավորում, իսկապես, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի եւ առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունած բանաձեւերին, ապա հենց Ադրբեջանն է տապալել այդ բանաձեւերի կատարումը, բանաձեւեր, որոնց հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցնումն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքների, ինչպես նաեւ Ադրբեջանի՝ ԼՂՀ վերահսկողության ներքո հայտնված տարածքների առկայությունն Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի եւ հենց Ադրբեջանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձեւերի չկատարման հետեւանքներից մեկն է:

Փոխարտգործնախարարը, ըստ էության, մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Իսկ տվյալ հարցում Ադրբեջանի Սահմանադրության վրա հղումներն անտեղի են, քանի որ Սահմանադրությունը ընդունվել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո: Այդպիսով Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն առնվազն որպես հակամարտության կողմ: Ավելին, որեւէ պետություն իրավասու չէ իր ներքին օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը, հակադրել միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, այն էլ՝ ՄԱԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին:

Վերջում, մնում է պարոն Ազիմովին կարեկցել, ով չի քողարկում իր հիսաթափությունն առ այն, որ Մինսկի խմբի համանախագահների պարագայում ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը» չի հաջողվել եւ Մինսկի խմբի համանախագահները չեն ծառայում Ադրբեջանի շահերին»: