Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին՝ Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի նկարիչները նոր ծաղրանկար են հրապարակել՝ նախագահի թեկնածուներն այնտեղ պատկերված են շների՝ պուդելի ու բուլդոգի տեսքով։

«Մակրոնը Ելիսեյան պալատում» վերնագրով նկարում պատկերված են «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը՝ գոհունակ պուդելի տեսքով, «առյուծի» սանրվածքով։ Իսկ նրա կողքին փոքրիկ ու տխուր անգլիական բուլդոգ է, որի դիմագծերը հիշեցնում են «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին։ «Մարի՛ն, տեղդ կանգնիր»,- ասում է պուդելը ։ Բուլդոգն էլ պատասխանում է զարմացած «հաֆ»-ով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-ին,որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։