Հայաստանի կառավարության կողմից վարվող հարկաբյուջետային քաղաքականության մեղմացումը հանգեցրեց պարտքի մակարդակի բարձրացման, քանի որ կառավարությունը ստիպված էր արտաքին պարտք վերցնել` հարկաբյուջետային դեֆիցիտը ֆինանսավորելու համար: Այս մասին emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, այն մի փոքր ավելի բարձր էր, քան ծրագրված էր 2015 եւ 2016 թվականների համար:
«Այդ պատճառով էլ մենք դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության` 2015-ին պլանավորած 3 տոկոսի փոխարեն ունեցանք 4.8 տոկոս: 2016 թվականի համար, կարծում ենք, դեռեւս չենք հաղթահարել արտաքին բացասական ազդեցությունը: Մենք դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ին պլանավորել էինք մոտավորապես 4 տոկոս, բայց ունեցանք 5.5 տոկոս: Սա պարզապես հարկաբյուջետային ազդակ էր, որ մենք տվեցինք մեր տնտեսությանը, որպեսզի ապահովենք ինչպես ամուր հիմքեր հետագա վերականգնման համար, այնպես էլ դրական աճի տեմպեր 2015 եւ 2016 թվականներին: Ինչպես ասում են ամերիկացիները, անվճար ճաշ չեն մատուցում: Մենք այստեղ եւս կորուստ ունեցանք, կարող եմ ասել` դա այն էր, որ մեր պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ աճեց շուրջ 10 տոկոսային կետով»,-ընդգծել է նախարարը:




























