Եթե նախկինում միջնադարյան մի զանգով էր աղբի մեքենան գալիս, այսօր այդպես չէ: Այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանի չարբախ թաղամասում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով, իրենց համար օրակարգային է Երեւանի համաչափ զարգացումը, քանի որ Երեւանը միայն կենտրոնը չէ, այլեւ մյուս բոլոր թաղամասերը:
«Չարբախի ճանապարհները բարեկարգված են: Աղբահանության խնդիրը ժամանակին բարձրացվում էր, մենք բոլորս հիշում ենք, ո շաբաթը մեկ միջնադարյան մի զանգով աղբի մեքենա էր գալիս բակերը: Այսօր այդպես չէ, այսօր շատ ավելի քաղաքակիրթ, շատ ավելի ճիշտ ու գրագետ լուծում է տրված: Ես վստահ եմ, որ Չարբախցիները գոհ են աղբահանության ծրագրից»,-հայտարարել է փոխքաղաքապետն ու խոստացել, որ Զանգու գետն էլ կմաքրեն, բայց պետք է այնպես անել, որ ոչ ոք աղբ չթափի գետի մեջ:
«Եկել ենք պայմանավորվելու, որ առաջիկա 5 տարիներին միասին աշխատանք իրականացնել: Մենք քաղաքի ցանկացած խնդիրներին ծանոթ ենք: Իհարկե, կան ընդդիմախոսներ, որոնք շատ-շատ բացերից խոսում են, խոսում են գուցե չհասկանալով, ու հայտնի չի, թե նրանցից քանիսն են Չարբախում եղել: Խոսում են, հայտնի չէ, Չարբախի փոսից Ծերեթելի դուրս գալու ճամփեն գիտեն, թե ոչ»,-ասել է նա:




























