«Ծառուկյան» դաշինքում ընթացող գործընթացների հետ որեւէ կապ չունի իշխանությունը։ Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ «Ծառուկյան» դաշինքի ութ պատգամավորների ընդվզումը Գագիկ Ծառուկյանի որոշման դեմ եւ մանդատների ստանալը ուղղորդված էր իշխանության կողմից։

«Դա լրագրողների հորինած տեսակետն է: Դա «Ծառուկյան» դաշինքի ներքին խնդիրներն են եւ իրենց լուծելու խնդիրներն են, իրենք են իրենց հարցերի լուծողը։ Իշխանությունը չունի նման խնդիր, կայուն մեծամասնության խնդիրը լուծված է իշխանության համար։ Ժողովրդի տված քվեն խորհրդարանական գործունեության համար ամբողջովին կբավարարի մեզ։ Մենք չենք ուզում խառնվել այդ գործին, դա իրենց ներքին գործն է»,–ասաց Սամվել Նիկոյանը։

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքից 23 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ, սակայն հաջորդ օրը նրանցից 12-ը որոշեցին հետ վերցնել իրենց դիմումները, նրանցից 8-ը դարձան պատգամավոր: